Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՈՒմ խորհուրդն է պետք Հովիկ Աբրահամյանին

ՈՒմ խորհուրդն է պետք  Հովիկ Աբրահամյանին
05.09.2014 | 00:42

Երբ վարչապետ նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում ներկայացրեց կառավարության ծրագիրը, հընթացս էլ հայտարարեց, որ մտադիր է ստեղծել վարչապետների ակումբ: Եվ որպես հրավեր, այդ գաղափարին մաս դառնալու համար առաջինը դիմեց դահլիճում նստած ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:
Անշուշտ, ուշագրավ «հավաքածու» կստացվի նախկին վարչապետներից, սակայն դժվար է պատկերացնել, թե նրանցից ոմանք ինչպես կարող են այնտեղ լինել ու միմյանց հանդուրժել: Այդուհանդերձ, այսօր այդ «նախկիններից» ոմանք իրենց քննադատությունների թիրախ են դարձրել հենց Հայաստանի տնտեսական իրավիճակը: Վերջին թարմ օրինակը մի կարճ ժամանակահատված վարչապետի աթոռը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի` տնտեսությանը տված գնահատականներն էին, որոնց հաջորդեց Հրանտ Բագրատյանի փոխադարձ «հակագրոհը»: Փաստորեն, այսօր առավել քան արդիական է Հովիկ Աբրահամյանի բարձրաձայնած մտահղացմանը միս ու արյուն տալը: Գուցե այդ ակումբում նմանատիպ բանավեճերի արդյունքում երկիրը կառավարելու ճիշտ մեթո՞դ ի հայտ գա:
Մինչդեռ վարչապետի այդ հայտարարության առնչությամբ դեռ տեսանելի քայլեր չկան, այսինքն՝ որ փուլում է այդ մտադրությունը, եթե, իհարկե, դա լոկ բարի ցանկություն չէր: Այս առնչությամբ մեր հարցմանն ի պատասխան կառավարության լրատվականի ներկայացուցիչները հակիրճ գտնվեցին: «Ձևավորման փուլում է»,- փոխանցեցին և խոստացան լրացուցիչ տեղեկությունների դեպքում հրապարակել:
Փաստորեն, «ձևավորվել» ասելով՝ կառավարությունը նկատի ունի այն, որ փորձում են համոզել նախկին վարչապետներին, ասենք, Ռոբերտ Քոչարյանին, Տիգրան Սարգսյանին կամ Վազգեն Մանուկյանին, որ մի «վայրում» լինեն ու իրենց փորձը, գիտելիքները փոխանցեն Հովիկ Աբրահամյանին, որպեսզի երկիրը ճիշտ կառավարվի: Անկեղծ ասած, սա ավելի քիչ հավանական է թվում, քան այն, որ Հովիկ Աբրահամյանն այս միտքը հնչեցրեց հենց այնպես, հստակ գիտակցելով, որ դրան նախկին վարչապետներից գուցե միայն երկու-երեքը կարձագանքեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ